Ամպիր (ֆրանսերեն empire-ից, բառացիորեն՝ կայսրություն)՝ ճարտարապետության և դեկորատիվ արվեստի ոճ է 19-րդ դարի առաջին երրորդի, որն ավարտել է դասականության զարգացումը։ Սկզբնապես ամպիր ոճը ձևավորվել է Ֆրանսիայում՝ Նապոլեոնի օրոք, և ծառայել է որպես պետական հզորության գաղափարների մարմնավորում։
Ամպիրը պետք է խորհրդանշեր գեներալ Բոնապարտի ստեղծած տերության մեծությունն ու հզորությունը։ Հռոմեական կայսրությունը դարձավ ոչ միայն գեղեցկության իդեալ, այլև գործողությունների ծրագիր։ Եթե մինչ այդ հնադարյան մոտիվները օգտագործվում էին օրգանականորեն, ապա այժմ դրանց ուղղակիորեն նմանակում էին։ Ամպիրը դառնում է առաջին ոճը, որը պաշտոնապես ներդրվում է «վերևից»։ Ամպիր ոճով սենյակների ձևավորումը գերազանց ամբողջականության տպավորություն է թողնում։ Միատեսակ ոսկեպատ զարդերը ծածկում էին և պահարանը, և արկղիկը, և գրքի կազմը։ Ինտերիերում տիրում էր ինքնատիպ դիմակահանդես։ Իրերը կարծես զգեստավորվում էին՝ մարմարե արկղիկը ստուգելիս պարզվում էր, որ կարտոնե է, յասպիսե անոթը՝ կերամիկական կամ ապակյա։ Ընդ որում վարպետները չէին ձգտում, որ էժան իրն թանկ երևա։ Հակառակը՝ նրանք հաճախ արժեքավոր նյութերն էին ներկայացնում որպես ավելի համեստ։ Ամբողջ սենյակները փոխում էին իրենց դերերը։ Ննջասենյակները ձևավորում էին որպես ռազմական վրան, իսկ Ֆրանսիայի կայսրուհի Մարիա Լուիզայի բուդուարում՝ Փարիզին մոտ Կոմպենի պալատում, ջեռուցիչ բուխարին ծառայում էր որպես տեղափոխվող լոգավազանի պահպանման տեղ։
Բարոկկոյի և ռոկոկոյի համեմատ ամպիրը գրեթե անտարբեր է ձևաչափված, փթթված զարդանախշի նկատմամբ՝ նախընտրելով ավելի խստաշունչ գծային զարդանախշային կոմպոզիցիաներ՝ երկրաչափական հունական նախշի, դափնեպտուղների գերդների և ծաղիկների հյուսվածքների տեսքով՝ հնադարյան հռոմեական քաղաքակրթության սիրած դեկորը։ Կահույքի մակերեսները հիմնականում ծածկվում էին կարմիր ծառի (մոհագանի) շերտով՝ զուգակցված ավելի բաց ծառատեսակների՝ տույայի, պալիսանդրի և այլ էկզոտիկ ծառերի հետ։ Դասականությանը բնորոշ է կահույքի վերջավորման մեջ գունավորության ձգտումը։ Ամպիր ոճի առաջատար դեկորատիվ գույներն են ոսկեգույնը և սևը՝ վերջինս ստացվում էր մակերեսները սև լաքով ծածկելիս։ Լայնորեն կիրառվում է հարթ մակերեսների խճանկարային ներդրվածքը՝ լաքապատ թիթեղիկներով, ներկված կահույքի համար այդքան անսովոր կարմիր, կապույտ և կանաչ գույներով։
Ամպիր ինտերիերներում տիրում են հանդարտությունը, կարգավորվածությունը, խիստ համաչափությունը և մասերի լրիվ հավասարակշռությունը։ Նախորդ ժամանակի թեթևությունն ու նրբագեղությունը փոխարինվում են ցուրտ հանդիսավորությամբ, երևակայությունը՝ ցուրտ հաշվարկով։
Սակայն ամպիր ինտերիերի գլխավոր տարօրինակությունը հայելիներն էին, որոնք արտասովոր շատ էին։ Բացի սովորական տեղերից՝ բուխարիի վերևում կամ պատուհանների միջև՝ դրանք հայտնվում էին մահճակալների վերևում, դռների փեղկերի վրա, թաքնված հատակի մոտ՝ կահույքի ոտքերի միջև։ Բուդուարի կենտրոնում դնում էին հայելի-պսիխե՝ մարդու հասակի կամարի նման։ Առանձին հայելային անդրադարձներից ձևավորվում էր մի ամբողջ պատրանքային աշխարհ։ Ամպիր կահույքը բոլորովին էլ այդքան հարմարավետ չէր՝ հարմարավետությունը գիտակցաբար զոհ էին բերում վեհ ձևերի համար։ Հսկայական, հարթ փայլեցված մակերեսներով, դեկորատիվ կցվող բրոնզե թեթևաքանդակներով, կարնիզների, սյուների և առյուծի թաթերի տեսքով մանրամասներով՝ այն նման էր շենքերի ճարտարապետության ամպիրին։
Ինտերիերի իրերը ծառայում էին առաջին հերթին ցուցադրման համար և հիշեցնում էին ցուցահանդեսի ցուցանմուշներ՝ պոստամենտի տեսքով գիշերանոթներ, եռոտանի տեսքով լվացարաններ, ոսկեպատ մետաքսե թաթիլ։ Նույնիսկ այդ ժամանակի ամենահամեստ ու հարմարավետ մահճակալները վեհ և խիստ էին։ Բարձր կարմիր ծառե պոստամենտի վրա բարձրացած էր փարթամ վարագույրով պսակված մահարկը։ Այն կանգնած էր պատի երկայնքով և չուներ սովորական ոտքեր՝ հենվում էր խորանարդերի կամ տափակ գնդերի վրա։ Մահարկը «պահպանում էին» անկյուններում փորագրված սֆինքսները կամ առյուծները։ Ամպիր ոճի մահճակալը մի տեսակ շքեղ պոստամենտ էր, որ բարձրացնում էր մարդուն մնացած աշխարհից՝ լավագույնս համապատասխանելով նապոլեոնյան դարաշրջանի ոգուն։ Այդ ժամանակի կահույքագործների սիրելի իրն էր ծանր ցածր կոմոդը։
Ֆրանսիական ամպիր
Փառահեղությունն ու հանդիսականությունը՝ ահա ամպիրի երկու գլխավոր բնութագրությունները՝ որպես ճարտարապետական ոճի։ Ինքն իրեն կայսր հռչակելով՝ Նապոլեոնը ձգտում էր գովաբերել իր տիրապետությունը՝ ստեղծելով պարադային ոճ, ինչպես մի ժամանակ՝ շատ առաջ, արել էր Լյուդովիկոս XIV-ը։ Նոր կայսերական ոճը զարգացնում է ֆրանսիական նեոդասականության ավանդույթները, բայց՝ շեշտը դնելով հանդիսավորության վրա։ Կահույքը դառնում է ավելի ծանր՝ ձեռք բերելով հսկայական ուղղանկյուն ձևեր։ Նախապատվությունը դեռևս տրվում է կարմիր ծառին։ Սեղանների, կոմոդների և պահարանների հիմնական զարդը համաչափ բրոնզե կցվածքներն են։ Նստելու ողջ կահույքը բավականին կոշտ է՝ ամպիրում արտաքին էֆեկտը ավելի շատ է գնահատվում, քան հարմարավետությունը։ Բազկաթոռների ետնամասները ուղղվում են, ետքներն հենվում են կամ՝ երմաների վրա, որոնք անցնում են առյուծի թաթերով ոտքերի, կամ՝ փորագիր ձևերի վրա։ Տարածում են գտնում կոնսոլները և կլոր սեղանները՝ ամբողջական մարմարե կամ պորֆիրե սալաքարով, կամ խճանկարով զարդարված։ Եգիպտոսի և Հռոմի հմայքը այս ժամանակաշրջանում հասնում է գագաթնակետին։ Կահույքի շատ իրեր հնադարյան հռոմեական ինտերիերների ալյուզիայի տպավորություն էին թողնում։ Սեղանի ոտքերին հաճախ են ծառայում սյուներ և կարյատիդներ։ Ամպիր կահույքը, առավել և շուտ, ճարտարապետա-քանդակագործական երևույթ է՝ այստեղ կան սյուներ, պիլյաստրներ և ֆրիզներ, գրիֆոններ, խիմերներ, սֆինքսներ, կարապներ, նիկաներ և առյուծներ, որոնց հետևում ինքը՝ կահույքը, գրեթե չի երևում։ Արդեն ավանդական պսակների, դափների և պալմետտների կողքին վարպետները զարդանախշերի մեջ ներառում են ռազմական մոտիվներ՝ սաղավարտ, սուր, վահան և նետեր։ Դրանց է ավելանում կայսերական սիմվոլիկան՝ արծիվ, մեղու, աստղ և պսակով շրջանակված N տառը։ Կայսրի կյանքի ռազմական ռիթմը մեզ է նվիրել X-աձև ոտքերով ծալվող սեղանիկները՝ մեր արշավային ու ամառանոցային տարբերակների նախատիպերը։ Եվս մի նորություն. զարդարանքի սեղանների սալաքարների վրա հայտնվում է թեքված հայելի, որի երկու կողմերին մոմեր են դնում ջահակալներում։ Ընդհանրապես ամպիր ոճը այդպես էլ մնաց հանդիսավոր ընդունելությունների ոճ։ Երբ պետք է տպավորել և ընդգծել պահի կարևորությունը՝ դա թագավորական մակարդակով անելով, գրասենյակի և հյուրասենյակի համար ամպիրից լավ ոչինչ չես մտածի։
Ռուսական ամպիր
Ռուսական ամպիր ոճը, որը երբեմն կոչում են Ալեքսանդրովսկի ամպիր, ուներ կարճ, բայց կարևոր նախապատմություն, որը սկսվել էր դեռևս Ալեքսանդր I-ի գահին բարձրանալուց առաջ՝ կայսր Պավելի օրոք։
Հայրենական կահույքի արտադրության զարգացումն ինքնակալը, որ ատում էր Ֆրանսիան, խթանեց պարզ ձևով՝ արգելելով Ռուսաստան որևէ ֆրանսիական բանի ներկրումը։ Այնուամենայնիվ, ռուս վարպետներին անհրաժեշտ էր ինչ-որ նմուշ՝ թե ինչ հետևել։ Եվ այդպիսի նմուշը ներկայացրեց այն ժամանակների արտակարգ մոդայիկ փարիզյան կահույքագործ Ժորժ Ժակոբը։ Ընդ որում ռուսական ամպիրը տարբերվում էր ֆրանսիականից ձևերի պարզությամբ և հուշարձանայնությամբ։ Ռուսաստանում առաջին անգամ կահույք սկսեցին պատրաստել կարմիր ծառից և կարելյան կեչից։ Դեկորը, որպես կանոն, շատ պարզ էր և կազմված էր կնքված արույրե ձգաններից՝ դրված ամենապարզ երկրաչափական գուներով։ Նոր ոճի ինտերիերի կարևոր առանձնահատկությունն էր նրա «ճարտարապետականությունը»։ Հետագայում հենց այս գիծը դարձավ ռուսական ամպիրի հիմնական տարբերակիչը, որն մտավ մոդա նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո։
Ալեքսանդր I-ի օրոք երկիր ներկրվող արտասահմանյան կահույքի ներկրումը նույնպես չէր խրախուսվում, թեև Ֆրանսիան մնում էր մոդայի օրենսդիրը։ Ռուսական տարբերակում ամպիր ոճի կահույքը ձեռք բերեց ձևի խիստ ճարտարապետական անդամավորում, ինչը բավականին տրամաբանական է, եթե հիշենք, որ նրա նախագծմամբ ակտիվ զբաղվում էին ռուս ճարտարապետներ Վորոնիխինը և Ստասովը կամ օտարերկրյա՝ Ռոսին և Թոմա դե Տոմոնը։ Կարնիզները, սյուները, արխիտրավները և ֆրիզները տարբեր պահարանները, էտաժերկաները և հայելիները վերածում էին վեհ շենքերի՝ այնպես, որ ինտերիերում առաջանում էր իր սեփական քաղաքը, որը ռիթմիկ էր պատուհանից երևացող տեսարանի հետ։
Ռուսական ամպիր կահույքը սովորաբար բաժանում են երեք կատեգորիայի։ Ֆրանսիական բնօրինակին ամենամոտը թանկ կահույքն էր՝ պատրաստված լավագույն պետերբուրգյան արվեստանոցներում՝ կայսերական արքունիքի պատվերով։ Առանձնատների կահավորումը արդեն մայրաքաղաքի մոդայի նմանակումն էր։ Վերջապես՝ մոտավորապես 1840-ական թվականներին ցուրտ կայսերական ամպիր ոճը վերջնականապես «տնայնացվեց» աղքատ հողատերերի և պաշտոնյաների համեստ բնակարաններում։ Շքեղ պալատական կահավորման համար օգտագործում էին կարմիր ծառ, պալիսանդր կամ կարելյան կեչ՝ զարդարված հսկայական բրոնզե կցվածքներով կամ ոսկեպատ, կամ տոնավորված փորագրությամբ։ Շատ բնորոշ էր սպիտակ տոնի կիրառումը՝ որպես հիմնական, և փորագիր մանրամասների վրա ոսկեպատումը։ Ավելի պարզ կահույքի համար վերցնում էին լիպա, թեղի կամ կեչ՝ հաճախ ներկված թանկարժեք ծառի տակ։
Որպես թաթիլ թանկ կահույքի համար օգտագործում էին միագույն, գծիկավոր կամ ծաղկավոր մետաքս, իսկ ավելի էժան կահույքի համար՝ բամբակե և ռեպս։ Բազմոցի մոտ սովորաբար տեղադրում էին մեկոտնի կլոր կամ ութանկյուն սեղան՝ կանթեղի նման։ Պրակտիկայությունը և հարմարավետությունը ամպիրի համար առաջնային նշանակություն չունեին։ Վերջապես, իսկական կայսրության համար վեհությունը շատ ավելի կարևոր է, քան հարմարավետությունը։ Ինչը արդար է նաև այսօր, երբ ռուսական ամպիրի պահանջարկը ակնհայտ գերազանցում է առաջարկը։ Իսկ երբ խոսքը վերաբերում է կարգավիճակին, վեճեր չեն կարող լինել։