Կառույցի հատակագիծը. Տուն նախագծելուն ձեռնամուխ ճարտարապետի առաջին խնդիրը հատակագծի կազմումն է, այսինքն՝ պատերի և կառույցի կարևորագույն մասերի հորիզոնական պրոյեկցիան։ Հատակագիծը միշտ պետք է տեսանելի պատկերացում տա տվյալ դեպքում պահանջվող սենյակների թվի, ձևի և մեծության, դրանց փոխադարձ դասավորության և ընդհանուր խմբավորման մասին։
Սենյակների ձևը հատակագծում լինում է խիստ բազմազան. այն կախված է թե նշանակությունից, թե միմյանց կողք կողքի հնարավորինս լավ դասավորությունից
Ուղղանկյուն ձև. Բնակելի սենյակների համար ամենից հաճախ կիրառվում է ուղղանկյուն, ոչ չափից ավելի ձգված ձևը։ Այն ամենաշահավետն է թե կառուցվածքային, թե գործնական առումով, թույլ տալով տարբեր մեծության հարևան սենյակների հարմար դասավորություն և տնտեսողաբար օգտագործել տարածքը թե՛ կառուցման, թե՛ կահույքի դասավորության ժամանակ։
Ուղղանկյուն սենյակից ստացվող տպավորությունը, անկախ նրա մեծությունից, միշտ հաճելի է աչքի համար, եթե միայն պահպանված են կողմերի չափերի հայտնի հարաբերությունները և ընտրված է դրանց համապատասխան բարձրությունը։
Կողմերի առաջարկվող հարաբերությունն արտահայտվում է բանաձևով.
b < a < 2 b; կամ
a > b > ½ a,
այսինքն՝ սենյակի երկարությունը (a), լինելով մեծ նրա լայնությունից (b), պետք է միևնույն ժամանակ լինի վերջինիս կրկնապատիկից փոքր։ Եվ հակառակը, սենյակի լայնությունը, լինելով փոքր նրա երկարությունից, պետք է մեծ լինի վերջինիս կեսից։
Այս սահմաններում հնարավոր են ուղղանկյան ձևի անվերջ բազմաթիվ տարբերակներ՝ անկախ նրա բացարձակ մեծությունից, այնպես որ դժվար չէ խուսափել միօրինակությունից, երբ տանը ուղղանկյուն սենյակները շատ են։
Ձգված ուղղանկյունն ավելի հաճախ կիրառվում է երկրորդական սենյակների, սրահների, միջանցքների և այլնի համար։
Քառակուսի ձև. Բնակելի սենյակի պակաս շահավետ ձև է քառակուսին։ Այն դժվարություններ է ստեղծում արդեն ընդհանուր հատակագծի կազմման ժամանակ, որի — բաժանումը միայն քառակուսիների միշտ չէ, որ հնարավոր է։ Սենյակի կանոնավոր ձևը բարդացնում է նաև կահույքի դասավորությունը։
Այսպիսով, քառակուսի սենյակները կիրառելի են միայն ավելի զգալի չափերի դեպքում, կամ որոշակի դեպքերում, օրինակ՝ հյուրասենյակների, շքեղ աշխատասենյակների և այլնի համար, գերազանցապես սակայն՝ ուղղանկյուն սենյակների շարքում բազմազանություն ստանալու համար։
Եվ սակայն քառակուսի սենյակի ձանձրալի տպավորությունը ստիպում է դիմել նրա ընդհանուր տեսքը աշխուժացնելու արհեստական միջոցների։ Այդ նպատակով կիրառում են լայն պատուհաններ, պատերի և առաստաղի հատուկ հարդարանք, շքեղ բուխարիներ և այլն, կազմակերպում են նաև էրկերներ և խորը խորշեր, որոնցով փորձում են մեղմել հենց հատակագծի խիստ ձևը։
Քառակուսու առավելությունն այն է, որ նրա կողմերի գումարը փոքր է հավասարամեծ ուղղանկյան կողմերի գումարից և հետևաբար քառակուսի սենյակի պատերն ավելի էժան կնստեն, քան ուղղանկյունինը՝ նույն մակերեսի և բարձրության դեպքում։
Կլոր ձև. Նույն այդ պատճառով էլ ավելի շահավետ է շրջանը, որի պարագիծը մոտավորապես 11,3%-ով փոքր է հավասարամեծ քառակուսու կողմերի գումարից։
Սակայն բնակելի տան մեջ սենյակի կլոր ձևն անհարմար է և կիրառվում է միայն բացառության կարգով, քանի որ այլ սենյակների հետ զուգակցելիս ստիպում է կորցնել շատ տեղ, իսկ առաստաղի, հատակի, պատուհանների և դռների կառուցվածքը զգալիորեն բարդանում և թանկանում է։ Վերջապես, կահույքի դասավորությունն այստեղ խիստ դժվար գործ է։ Այս բոլոր պատճառները ստիպում են սովորական բնակելի տներում խուսափել կլոր, ինչպես նաև էլիպսաձև սենյակներից և կիրառել դրանք միայն ավելի հարուստ տներում՝ պարասրահների, շքեղ ճաշասենյակների, նախասրահների և այլնի համար, նման սենյակներին տալով համապատասխան շքեղ հարդարանք։
Շրջանի կամ էլիպսի մեծ շառավղի դեպքում բնականաբար նվազում է դրանց պարագծի կորությունը և դրա հետ կապված անհարմարությունները, սակայն սենյակներն իրենք անչափ մեծանում և թանկանում են, ուստի և կրկին քիչ պիտանի են դառնում սովորական բնակելի տների համար։
Ինչ վերաբերում է հատակագծում բազմանկյուն սենյակներին, ապա դրանք բոլորն ունեն վերևում թվարկվածներին նման թերություններ։ Ութանկյան ձևի սենյակն ավելի պիտանի է մյուսներից, սակայն այն կիրառվում է միայն բացառության կարգով, քանի որ նրա կարճ կողմերը զգալիորեն դժվարացնում են կահույքի դասավորությունը։ Եվ սակայն բազմանկյուն սենյակները, ինչպես կլորները, կարող են տեղին լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է որոշակի բազմազանության հասնել մեծությամբ և ձևով իրար նման սենյակների շարքում։