Կլասիցիզմ — լատիներեն classicus-ից — օրինակելի, նորմ, կարգ։ Սովորաբար տարբերում են 17-րդ դարի կլասիցիզմը և 18-րդ — 19-րդ դարերի սկզբի կլասիցիզմը, վերջինս հաճախ կոչվում է նեոկլասիցիզմ։
Շքեղություն, հանդիսավորություն, զսպվածություն — այս հասկացություններով է բնութագրվում կլասիցիզմ ոճը։ Ինտերիերի և ճարտարապետության այս ոճը ծագել է որպես յուրօրինակ այլընտրանք նախ բարոկկոյին, ապա ռոկոկոյին։ Հանրությանը կարգին ձանձրացրել էին ռոկոկոյի խրթին ու շռայլ ձևերը, որոնք սակավապես էին պիտանի մոնումենտալ կառույցների համար, և 18-րդ դարի կեսերին կլասիցիզմ ոճը տարածվեց ամենուր։
Գեղեցկության և կատարելության իդեալ կլասիցիզմ ոճն ընտրեց անտիկ վարպետների ստեղծագործությունները։ Կլասիցիզմին բնորոշ են խիստ կարգն ու ներդաշնակությունը, ձևերի պարզությունն ու հստակությունը, արվեստի ընդգծված խոր դաստիարակչական և խրատական նշանակությունը։ Փարիզի Լուվրի արևելյան թևը, Բրիտանական թանգարանը, Սանկտ Պետերբուրգի Կազանի տաճարը — այս և կլասիցիզմի շատ այլ գլուխգործոցներ հայտնի են ամբողջ աշխարհին։
Ինչո՞վ է առանձնանում կլասիցիզմը ինտերիերում։ Առաջին հերթին՝ անտիկ թեմայով նկարների և որմնանկարների առատությամբ, Հին Եգիպտոսի ոճով ռելիեֆներով, ինչպես նաև հին հունականը նմանակող ամենատարբեր չափերի քանդակներով ու ծաղկամաններով։ Շրջապատող միջավայրը առատ է զարդանախշով. ֆանտաստիկ բույսեր, արաբեսկներ, էտրուսկյան մոտիվներ։ Կահույքը — ամուր, թանկարժեք, մուգ փայտից, բրոնզե ոսկեզօծ երեսակներով։ Լայնորեն կիրառվում են ինկրուստացիան, ծեփածոն։ Հատակը — մանրահատակ՝ գեղեցիկ ու արտահայտիչ նախշով։ Հիմնականում օգտագործվում են կա՛մ բաց, կա՛մ խոր, հանգիստ, հագեցած գույներ։
Նաև կլասիցիզմ ոճը — սա բացառապես թանկարժեք նյութեր և գործվածքներ են։ Նման իրերը ստեղծվում էին դարերի համար և փոխանցվում սերնդից սերունդ, երկար տարիներ ծառայելով իրենց տերերին։ Այս ինտերիերային ոճի սենյակները ընդարձակ են և չեն ծանրաբեռնված ավելորդ մանրամասներով։ Ամեն ինչ համաչափ է, կշռադատված, լցված սեփական մեծությամբ ու արժանապատվությամբ։ Գերակշռում են կանոնավոր երկրաչափական ձևերը, ընդ որում հորիզոնականն անկասկած առավելություն ունի ուղղահայացի նկատմամբ։ Այս ոճի վառ օրինակ են 19-րդ դարի ռուսական ազնվականական կալվածքները, որոնք սկիզբ դրեցին ռուսական կլասիցիզմին։


19-րդ դարի առաջին կեսին կլասիցիզմ ոճը վերածնվում է ամպիրի։ Դա նապոլեոնյան պատերազմների դարաշրջանն էր, և հին հռոմեական արվեստի նմանակումը ձեռք բերեց իսկապես համատարած, համընդհանուր թափ։ Կահավորանքի առարկաները, հագուստը — ամեն ինչ արվում էր ուշ հին հռոմեական մշակույթի «ըստ մոտիվների»։ Առանձնապես տարածված է դառնում ռազմական թեմատիկան. զրահներ, հերալդիկ խորհրդանիշներ, հին հռոմեական արծիվներ և այլն։
Մեր օրերում կլասիցիզմ ոճը — սա ամուր, հարգարժան և բարի ճաշակ ունեցող մարդկանց ընտրությունն է։ Նրա հանդիսավոր, արքայական պալատներին վայել շքեղությունը դուր է գալիս մեր շատ ժամանակակիցներին։ Իսկական արժեքները ենթակա չեն նորաձևության քմահաճույքներին, և կլասիցիզմ ոճը — դրա ակնառու վկայությունն է։