Տարածքների մեծությունը կախված է յուրաքանչյուր առանձին դեպքում այն նպատակից, որին դրանք ծառայում են, և ամբողջ կառույցի նշանակությունից։ Բնակելի տան մեջ մարդն ինքն է գլխավոր մասշտաբը բոլոր կիրառվող չափերը որոշելու համար, ընդ որում հարմարության և հիգիենայի պայմաններն այստեղ առանձնապես կարևոր դեր են խաղում, և նույնիսկ ամենահամեստ կառույցը պետք է բավարարի դրանց հիմնական պահանջներին։
Սանիտարական նորմերով օպտիմալ հարմարավետ պայմաններն ապահովվում են, եթե մեկ մարդուն բաժին է ընկնում ոչ պակաս քան 30 քառ. մ, սակայն հոգեբանական բաղադրիչը հաշվի առնելով մարդուն անհրաժեշտ է 40-50 քառ. մետր։
Բնակելի տարածքի մեծությունը որոշելիս գլխավոր ուշադրությունը պետք է դարձնել նրանում օդի պարունակությանը, որը պահանջվում է այս կամ այն թվով բնակիչների — մեծահասակների և երեխաների գտնվելու համար, ինչպես նաև անհրաժեշտ քանակի կահույքի հարմար տեղադրմանը՝ միաժամանակ թողնելով բավարար տարածություն մարդկանց կենսագործունեության համար։
Տարածքի խորությունը։ Տարածքի մեծությունը որոշող երեք չափերից, այսինքն՝ երկարությունից, լայնությունից և բարձրությունից, առանձնապես կարևոր նշանակություն ունի այն չափը, որը ուղղահայաց է տարածքի արտաքին պատին, այսինքն՝ նրա խորությունը։
Խորությունը, ըստ շինարարական գործում ընդունված եզրույթաբանության, որոշվում է տան արտաքին պատից մինչև հակադիր ներքին պատը եղած հեռավորությամբ։ Խորությունը կլինի կա՛մ տարածքի երկարությունը, կա՛մ լայնությունը՝ կախված նրանից, թե մյուս հորիզոնական չափը փոքր է, թե մեծ։
Խորությունը որոշվում է տան կոնստրուկտիվ սխեմայի հնարավորությամբ (օրինակ՝ փայտե առաստաղային գերանի հնարավոր երկարությամբ)
Բացի այդ, խորությունը ազդում է տարածքում բավարար քանակի ցերեկային լուսավորություն ստանալու հնարավորության վրա, ինչպես նաև տարածքի կահավորման հարմարության և եղանակի վրա։
Կախվածությունը տարածքի լուսավորությունից։ Տարածքի խորությունը կախված է այն ցերեկային լույսով բավարար և հավասարաչափ լուսավորելու հնարավորությունից։ Այս պայմանը կատարելու համար անհրաժեշտ է համարվում, որ պատուհանի վերին եզրից հակադիր հատակի ծայրին ընկնող լույսի ճառագայթները վերջինիս հարթության հետ կազմեն ոչ պակաս քան 30 աստիճան անկյուն։
Այստեղից հետևում է, որ լավ լուսավորվող տարածքի խորությունը միշտ փոքր կլինի պատուհանի վերնաձողի հատակից ունեցած բարձրության կրկնակի չափից, և, հետևաբար, առավել ևս փոքր՝ ինքնին տարածքի կրկնակի բարձրությունից, քանի որ վերջինս մեծ է առաջինից։
Խոր տարածքների բավարար լուսավորության համար պահանջվում են և մեծ պատուհանային մակերես, և զգալի բարձրություն, որը ապահովում է վերոնշյալ լույսի անկման անկյունը (30 աստիճան)։
Տարածքի բարձրությունը։ Սենյակի բարձրությունը պայմանավորված է հիմնականում մարդու հասակով (միջին հասակը մոտ 1,75 մ)։
Քանի որ բոլոր կողմերից սահմանափակված տարածքում շնչառությամբ մաշված օդը մեծ քանակությամբ կուտակվում է առաստաղի տակ, անհրաժեշտ է, որ այն գտնվի մեծահասակի գլխից զգալիորեն վերև — առնվազն 0,75 մ։ Այսպիսով՝ սենյակի նվազագույն բարձրությունը կլինի 2, 5 մ։
Որքան բարձր է տարածքը, այնքան, հասկանալի է, այն բարենպաստ է ոչ միայն հիգիենայի իմաստով, այլև ցերեկային լույսով լավ լուսավորության առումով։ Սակայն մեծ բարձրության դեպքում ինքնին կառույցի արժեքը զգալիորեն աճում է, և ձմռանը հավասարաչափ ջեռուցումը դժվարանում է։ Բացի այդ, ըստ էսթետիկական նկատառումների խորհուրդ է տրվում չափավոր բարձրություն, քանի որ չափազանց ցածր բնակելի տարածքները տհաճ, ճնշող տպավորություն են թողնում, իսկ չափազանց բարձրերը, հակառակը — կորցնում են հարմարավետության գրավիչ բնույթը։
Տարածքի թողած ընդհանուր տպավորությունը զգալի չափով կախված է նրա հաջող ընտրված բարձրությունից։ Հայտնի է, որ ցածր սենյակները թվում են ավելի մեծ, քան նույն մակերեսով բարձրերը։
Ինչպես արդեն ասված է, սենյակից հաճելի տպավորություն ստանալու համար անհրաժեշտ է, որ ճիշտ ընտրված լինեն բարձրության (h) մի կողմից և երկարության (а) ու լայնության (b) — մյուս կողմից հարաբերությունները։ Այդ նպատակի համար լավագույն հարաբերություններն արտահայտվում են հետևյալ բանաձևերով։
h = 1/3 (а + b),
այսինքն՝ բարձրությունը կազմում է երկարության և լայնության գումարի մեկ երրորդը։
Այս հարաբերությունից երևում է, որ բնակելի տարածքների համապատասխան բարձրությունը միշտ փոքր կլինի դրանց երկարությունից որպես հորիզոնական չափերից ամենամեծից։
Կիրառվող տարբեր բանաձևերը տալիս են գրեթե նույն արդյունքը, ահա թե ինչու ընդհանրապես կարելի է ասել, որ բնակելի տարածքի համապատասխան բարձրությունը մի փոքր մեծ կլինի նրա երկարության կեսից կամ լայնության երկու երրորդից և փոքր՝ երկարության երեք քառորդից կամ ամբողջ լայնությունից։ Սա պատկերավոր արտահայտվում է ընդհանուր բանաձևերով։
h > ½ а կամ > 2/3 b և h < ¾ а կամ < b
Այսպես ընտրված բարձրությամբ տարածքներում պատի մի մասը հատակի և առաստաղի հետ միասին դիտողին երևում է տարածքի հակադիր ծայրից նորմալ տեսողական անկյան տակ (30-45 աստիճան), ինչը մտնողի վրա թողնում է ամբողջական և հաճելի տպավորություն։
Այստեղ սահմանված սահմաններում իրական սենյակային բարձրությունն արդեն ընտրվում է կախված նրա չափի վրա ազդող մյուս հատուկ պայմանների ամբողջությունից, ինչպիսիք են՝ տարածքի նշանակությունը, դրա լուսավորվածության աստիճանը, պահանջվող լույսի քանակը և այլն։
Տարածքների ընդհանուր բարձրությունը։ Կոնստրուկցիաների հարմարության համար, ինչպես նաև տան վերևում գտնվող մասերի հետ ավելի լավ կապի նկատառումով, յուրաքանչյուր առանձին հարկի բոլոր տարածքների բարձրությունը սովորաբար արվում է նույնը, և դրա չափերը որոշվում են ամենակարևոր տարածքների մեծությամբ։ Սակայն մեծամասամբ նշանակվում է չափավոր ընդհանուր բարձրություն։ Բարձրության մեծացումը շինարարության ծախսեր է առաջացնում։
Այն դեպքերում, երբ պահանջվում է տան մեծությամբ և նշանակությամբ տարբերվող մեկ կամ մի քանի հարակից տարածքներին տալ ավելի մեծ բարձրություն, կիրառվում են հետևյալ եղանակները։
1. Հատակի իջեցում, եթե սենյակը գտնվում է I հարկում կամ երկրորդական տարածքների վերևում
2. Առաստաղի բարձրացում, եթե տարածքը գտնվում է վերջին հարկում կամ երկրորդականների տակ
3. Տարածքի անցկացում երկու լրիվ հարկերով, եթե պահանջվում է զգալի բարձրություն և եթե վերևի հարկը պիտանի է այդ նպատակի համար։
Իսկ մանր և երկրորդական տարածքների, ինչպես նաև դրանց որոշ մասերը, օրինակ՝ էրկերները և ալկովները առանձնացնելու համար բարձրության նվազեցումը ձեռք է բերվում հենց նշվածներին հակառակ եղանակներով, այն է՝ առաստաղի իջեցմամբ կամ հատակի բարձրացմամբ մեկ կամ մի քանի աստիճանով։